Ինչու են ՌԴ խաղաղապահները հեռացել ԼՂ–ից. Պեսկովի մեկնաբանությունը

Խաղաղապահներ
Պեսկովն ավելի վաղ ասել էր, որ ԼՂ–ից խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ տարածաշրջանում նրանց գործառույթները զրոյացվել են։ Ռուսական առաջին ալիքի եթերում այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո։
Պեսկովը նշել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի և սահմանազատման ուղղությամբ:
«Հիմա խոսվում է բացարձակապես նոր կյանքի մասին․․․ Երկու երկրները բանակցում են սահմանազատման թեմայով։ Մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ աշխատանք է տարվում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ նույնպես դեռևս չհամաձայնեցված հոդվածներ կան»,- ասել է նա։
Պեսկովն ապրիլի 17-ին հայտնել էր, որ խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունները։
Հիշեցնենք` ՌԴ խաղաղապահներն Արցախում էին տեղակայվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո։
Խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը պետք է մեխանիկորեն երկարաձգվեր ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարեր տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Սակայն 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանը նոր ագրեսիա իրականացրեց` լայնամասշտաբ հարձակում սկսելով Արցախի դեմ։ Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, սկսվեց բնակչության բռնի տեղահանումն ու Արցախը հայաթափվեց։