Երևանում փլուզվել է շտապբուժօգնության ավտոկայանատեղիի տանիքը. վնասվել են ավտոմեքենաներ

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի- Sputnik. Երևանի Մալխասյանց փողոցում փլուզվել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքի փլուզումը
«Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Փրկարարներն ալշխատում են «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքի փլուզման վայրում
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքի փլուզման հետևանքով վնասված ավտոմեքենաներից մեկը
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։