ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն այս պահին մշակում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացվելիք առաջարկությունները։ Տեղեկությունը Կիրանցից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները Երևանի ու Բաքվի երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Ակցիան վերսկսվել էր այսօր առավոտյան։ 18։30-ի սահմաններում նրանք բացեցին ճանապարհը։
Գյուղացիները հավաքվել են համայնքապետարանում, և առաջարկություններ են մշակում Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ։
Նրանք նշում են, որ ներկայացված տարբերակով գյուղի հետագա գոյությունը անհնար է դառնում։
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումը նախատեսված է մարտի 22-ին` ժամը 18։00–ին։ Ներկա պետք է լինեն Կիրանց, Բաղանիս, Բերքաբեր և Ոսկեպար գյուղերի վարչական ղեկավարները և սահմանային իրավիճակից տեղյակ գյուղացիները։
Տավուշցիները որոշել են, որ վաղը ժամը 10։00-ից կրկին փակելու են ճանապարհը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: