ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցում։
«Ջերմորեն ողջունում ենք 1991թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը: Սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության ճանաչման վրա, բրյուսելյան քննարկումների առանցքային տարր է եղել»,– նշել է Միշելը։
Նրա խոսքով` սահմանազատումը նաև կարևոր քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի կարգավորման և խաղաղության ճանապարհին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: