Բերդկունք ամրոցի մասին քչերը գիտեն։ Հայաստանի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկում գտնվող միջնադարյան ամրոցը զբոսաշրջային երթուղիներից դուրս է մնում։ Մարդիկ կողքով գնում-գալիս են՝ չիմանալով, որ բլրի վերևում բացառիկ շինարվեստով ու նշանակությամբ կառույց է։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են սկսվել
© Aram Nersesyan
Գեղարքունիքի մարզում գտնվող հայտնի Հայրավանքից մոտ 2 ու կես կմ հեռավորության վրա գտնվող ամրոցի բարձունքից շնչահեղձ անելու աստիճանի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ, բայց սա բերդի արժանիքներից բնավ գլխավորը չէ։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են սկսվել
Արդեն մի քանի օր է՝ բերդի տարածքում պեղումներ է իրականացնում ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը։ Գլխավոր նպատակը վերականգնման ծրագրի համար, այսպես ասած, անհրաժեշտ տվյալների հավաքագրումն է։
«Բերդկունքը Սևանա լճի հարավարևելյան ավազանի միջնադարյան միակ ամրոցն է։ Քիչ թե շատ պահպանվածություն կար, բայց այն նաև ամրակայման հրատապ անհրաժեշտություն ուներ»,- նշում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Դրա համար ոչ միայն նախաձեռնվել են պեղումներ, այլև հայտարարվել է ամրոցի վերականգնման, ամրակայման, նորոգման նախագծի մրցույթ, շահող ճարտարապետների խումբն արդեն հայտնի է։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում
© Aram Nersesyan
Նրանք մինչև տարեվերջ, նաև պեղումների արդյունքները հաշվի առնելով, պետք է նախագիծ ներկայացնեն։ Առաջիկայում նաև նախատեսվում է ամրոցին արգելոցի կարգավիճակ շնորհել, ինչը թույլ կտա պահպանության հատուկ ռեժիմ սահմանել, իսկ հետագայում նաև տոմսային համակարգ ներդնել։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում
© Aram Nersesyan
Ամրոցի տարածքում այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում, հեռացվում են ավելորդ քարերը, աղբը և այլն։ Հնագետ Լուսինե Ալեքսանյանի համար սա առանձնահատուկ պատասխանատու գործ է․ առաջին անգամ է, որ պեղումներին մասնակցում է որպես արշավախմբի ղեկավար։
Հնագետ Լուսինե Ալեքսանյան
© Aram Nersesyan
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչ շարվածքով է շարված, ինչ հիմքեր ունի, որ կարողանանք ապագայում վերականգնման նախագիծը ճիշտ կառուցել, և շինարարները կարողանան, որքան հնարավոր է, վերականգնել ամրոցի նախնական կամ գոնե մի քիչ հայտնի տեսքը, որ դեպի ամրոց նաև մուտք ունենանք ու պարիսպների վրայով թռչկոտելով չհասնենք մյուս կողմ»,- ասում է հնագետը։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում
© Aram Nersesyan
Բերդկունքն ավերվել է թաթար-մոնղոլական արշավանքների հետևանքով՝ 13-14-րդ դարերում։ Հայտնի է եղել նաև «Սպիտակ բերդ», «Աղկալա», «Իշխանաց բերդ» անուններով։ Այստեղ առաջին ու վերջին անգամ պեղումներ են իրականացվել 1983-84թթ․-ին։ Բացվել են թոնիրներ, փայտե սյուների խարիսխներ, խեցեղեն։ Հայտնաբերվել են տարբեր շրջանների շերտեր, այդ թվում՝ Կուր-Արաքսյան։ 80-ականների սկզբին նաև փոքր ծավալի ամրակայման աշխատանքներ են իրականացվել։ Ի դեպ, տեսակետ կա, որ Բերդկունքի տեղում նախկինում կիկլոպյան ամրոց է եղել, որի հիմքերի վրա միջնադարում կառուցվել է ներկայիս ամրոցը։ Բայց սա դեռ ապացուցված չէ։
Բերդկունք ամրոց
© Aram Nersesyan
Ի՞նչ է հիմա հայտնի․ պահպանվել են բազմաթիվ շինությունների ավերակներ հատկապես արևելյան մասում` լճին հարող հատվածում, որտեղ պատերի բարձրությունը հասնում է մինչև 1,5 մ: Հնագետ Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հրվանդանի վրա կառուցված ամրոցն իր շինարարական արվեստով տիպիկ Բագրատունյաց ժամանակաշրջանի է։ Ցամաքի կողմից այն պաշտպանված է եղել բարձր աշտարակներով, իսկ դեպի ամրոց առաջնորդել են ժայռի մեջ փորված խրամուղիները՝ ամրոցն անառիկ դարձնելով։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի:
Բերդկունք ամրոց
© Aram Nersesyan
«Այստեղ մենք ժայռի հետ վարվելու հիանալի օրինակ ենք տեսնում։ Բնական պայմաններն օգտագործել են, այն ձևափոխել։ Բոլոր ժայռերը փորված են, կտրված, արահետներ են սարքվել, որոնք բոլորը կոնկրետ ուղղություններով են առաջնորդում»,- բացատրում է հնագետը։
Հնագետ Լևոն Մկրտչյան
© Aram Nersesyan
Նա շեշտում է՝ Բերդկունքը եզակի կառույց է՝ արքունական ոգով։ Ասում է՝ այս ամրոցում Բարգատունյաց թագավորության ամբողջ փիլիսոփայությունն ու մտածելակերպն է ամփոփված, ամրոցը պետականության խորհրդանիշ է։
Բերդկունք ամրոցի տարածքը
Ամրոցը ժամանակի առևտրային կարևոր ճանապարհների խաչմերուկում էր` կայան Դվին-Պարտավ տարանցիկ ճանապարհի վրա։ Ենթադրվում է, որ առևտրի և արհեստագործության կենտրոն էր և վաճառատեղի։ Այստեղ վաճառքի էին հանվում Գեղարքունիք գավառից և շրջակայքից բերված ապրանքները։ Նշանավոր էր իր կրպակներով և իջևանատներով։ Ասում են՝ Բերդկունքն այն բացառիկ առևտրի կենտրոններից էր, որ չէր պատկանում այս կամ այն ֆեոդալի և ամբողջովին ենթակա էր քաղաքի ավագանուն։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում
© Aram Nersesyan
Բերդկունք ամրոցի տարածքում հնագետը ցույց է տալիս աղով պատված քարերը, որոնք նշան են, որ Սևանա լճի ջուրը ժամանակին այդքան բարձր է եղել։ Ասում է` Բերդկունքը ոչ թե միայն ամրոց է եղել, այլ ամրոց-նավահանգիստ, միջնադարյան հայկական նավերն էլ հենց ծովախորշում կառուցված նավահանգստում են հանգրվանել։ Բերդկունքի դեմ դիմաց Արտանիշի թերակղզին է, որտեղ մեկ այլ ամրոց կա։
Բերդկունք ամրոցի տարածքում պեղումներ են կատարվում
© Aram Nersesyan
Սա Սևանի, այսպես ասած, ամենանեղ հատվածն է ու տրամաբանական է, որ դեմ հանդիման գտնվող ափամերձ ծովափնյա ամրոցներն իրար հետ կապի մեջ լինեին, տնտեսական նշանակության բեռներ փոխադրեին և այլն։ Ի դեպ, կա տեսակետ, որ հենց այս հատվածում ամրոցը նաև ստորջրյա մուտք է ունեցել։ Կարճ ասած, Բերդկունքը դեռ շատ է զարմացնելու մասնագետներին ու հասարակ քաղաքացիներին։
Բերդկունք ամրոցի տարածքը
© Aram Nersesyan