ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արեց Ստեփանավանում` պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ։
Փաշինյանը վստահ է` Տավուշի մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան միմյանց հետ փոխգործակցել։
«Ռուսական հենակետերն այդտեղ հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, իրադրության էական փոփոխություն է։ Նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է։ Դա կնշանակի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելու են ու ինքնուրույն ի վիճակի են լինելու սահմանի պահպանություն իրականացնել»,– նշեց Փաշինյանը։
Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտեց, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել, զինվորներին էլ պետք է թույլ տալ, որպեսզի մի փոքր հանգստանան։
«Կարծում եմ` պատմական բան է տեղի ունենալու։ Սահմանագծերին էլ որոշակի նախնական նշաններ կհայտնվեն, որի մի կողմում կգրվի` Հայաստանի Հանրապետություն, իսկ մյուս կողմում` Ադրբեջան։ Սա լրջագույն փոփոխություն է, ու մենք ոչ թե հասել ենք այն իրավիճակին, որին ուզում էինք, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհին, որով մենք պետք է հասնենք։ Մեր ոտքն այժմ ուղիղ ճանապարհի վրա է, շատ կարևոր է այդ ճանապարհից չշեղվելը»,– նշեց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին: