«Կարևոր քայլ է». ԱՄՆ պետքարտուղարը` Երևանի ու Բաքվի վերջին պայմանավորվածության մասին

Էնթոնի Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այս հայտարարությունն արել է X սոցցանցում։
«Վաշինգտոնը ողջունում է այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագիրը համաձայնեցրել են որպես երկու երկրների միջև սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին», - գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։