Ցեղասպանության զոհերը միայն սպանվածները չեն. ՀՑԹԻ տնօրենը` թանգարանի ծրագրերի մասին

«Հայոց ցեղասպանության զոհ» հասկացությունը պետք է ընդլայնվի։ Հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների զոհ պետք է համարել ոչ միայն սպանվածներին։ Դրանում համոզված է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը։
Sputnik
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Էդիտա Գզոյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շրջանակներում իրականացվող քայլերի, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։
- Մոտենում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Երբեմն թվում է, թե չպատմված պատմություններ էլ չեն մնացել։ Ի՞նչ նորություն եք մտադիր ներդնել, ինչի՞ մասին է լինելու ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք ցուցադրությունը:
- Այս տարվա ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է հայ կնոջ կերպարին և նրա անցած ուղուն՝ Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո: Մենք ուզում ենք վերանայել, վերաիմաստավորել և վերագնահատել այս պատկերը:
Մինչ օրս կարծրատիպ կա, որ Ցեղասպանության զոհերը միայն սպանվածներն են։ Սակայն դա այդպես չէ, զոհ են հանդիսանում նաև բոլոր նրանք, ովքեր ենթարկվել են բռնության՝ ֆիզիկական կամ սեռական, բոլոր նրանք, ում ստիպել են իսլամ ընդունել, ամուսնացրել են (այս մասին նույնպես ասվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայում)։ Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք ընդլայնել զոհի կերպարի ընկալման շրջանակը։
Զոհերի թվի վերաբերյալ ցանկացած քննարկում Ցեղասպանության փաստը դարձնում է շահարկման առարկա
Ի դեպ, ցուցադրությամբ մենք կպատմենք նաև այն կանանց մասին, որոնք հերոսաբար դիմացել և անցել են այս բոլոր փորձությունները, կատարել սխրանքներ, որոնց շնորհիվ էլ մենք այսօր, ըստ էության, կանք և գոյություն ունենք։
Վերջին տվյալներով՝ Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացվել են շուրջ 200 հազար հայ երեխաներ և կանայք, հաջողվել է փրկել և սեփական ժողովրդի շարքերը վերադարձնել նրանց կեսին միայն: Սակայն պետք է ընդգծել, որ դրանից հետո շատերը չկարողացան խոստովանել, թե ինչպես են վարվել իրենց հետ, չկարողացան հրաժարվել իրենց երեխաներից, որոնց ծնել էին մահմեդական տղամարդկանցից, և այդպիսով չկարողացան վերագտնել իրենց հայությունը:
- Ի՞նչ կփոխի դա և ինչպե՞ս կազդի միջազգային ճանաչման գործընթացի վրա:
- Ցեղասպանությունը հատուկ հանցագործություն է, որը բնորոշվում է յուրահատուկ տարրերով, գործողություններով, ունի բազմաթիվ չափանիշներ, որոնցով որոշվում են այդ ոճրագործության նշանները: Ցեղասպանությունը միայն ֆիզիկական բնաջնջումը չէ, այլև ուծացման, ինքնության ոչնչացման գործընթացը։ Այս ամենը հասկանալը մեզ թույլ է տալիս ավելի լավ գիտակցել այսօր տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ փաստացի տեղի է ունեցել ինքնության բնաջնջում, որը մտնում է Ցեղասպանության գաղափարախոսության կոնցեպտի մեջ:
- Ո՞րն է թանգարանի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
- Հոկտեմբերին նախատեսում ենք Ֆրանսիայի Պուատիե համալսարանի հետ համատեղ կազմակերպել միջազգային գիտաժողով, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Գործընթացը տարիներ է ձգվում, կարելի է և պետք է նախանշել ձեռքբերումներն ու բացթողումները, որոնք դիտարկվելու և վերաիմաստավորվելու են գիտական շրջանակներում:
Բացի այդ, ոչ պաշտոնական համագործակցություն է հաստատվել Լեմկինի ինստիտուտի հետ, ՀՑԹԻ-ն նաև Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամ է: Մեր հիմնական խնդիրն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը այն մասին, ինչ տեղի է ունեցել հայերի հետ 109 տարի առաջ։ Այդ առիթով գիտական հոդվածներ ենք հրատարակում նաև անգլալեզու և ռուսալեզու պարբերականներում:
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտուտ
Ազդեցիկ գործիք է նաև թանգարանը, որն ամեն տարի տասնյակ հազարավոր այցելուներ է ընդունում: 2023 թվականին մենք ռեկորդային թվով պաշտոնական պատվիրակությունների այցելություններ ենք ունեցել՝ մոտ 100։ Մենք նաև փորձում ենք թանգարանի միջոցով ներկայացնել արցախյան հիմնախնդիրը և պատմել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի մասին։
- Նախատեսո՞ւմ եք որևէ բան փոխել թանգարանի հայեցակարգում:
- Երկարաժամկետ հեռանկարում ես շատ կուզենայի փոփոխություններ մտցնել հայեցակարգում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ավելի բաց դարձնել, այցելուներին ներկայացնել նոր ցուցադրություններ, ավելի անձնավորել նյութերը:
Ներկայում մեր թանգարանը լուսանկարների և տեքստերի միջոցով մարդկային պատմություններ է պատմում։ Ես կցանկանայի վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ ներդնել։ Օրինակ՝ թվային տեխնոլոգիաների միջոցով փորձել «կենդանացնել» զոհերին, որպեսզի իրենք պատմեն իրենց պատմությունները, կամ մշակել մի իրավիճակ, որում թանգարանի այցելուները կկարողանային տեղափոխվել Ցեղասպանության շրջանից առաջվա Արևմտյան Հայաստան, մտովի զգալ արևմտահայ ոգին, մշակույթը, կենցաղը։
- Ի՞նչ կրթական ծրագրեր են իրականացվում:
- Երիտասարդ սերնդին հետաքրքրելու համար մենք պետք է օգտագործենք թվային տեխնոլոգիաները։ Այս փուլում նախատեսում ենք ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծել ֆիլմ, որն այդ շրջանի իրադարձությունների մասին կպատմի նրանց համար ավելի հասկանալի ձևաչափով: Ֆիլմում կօգտագործվեն անիմացիաներ, VR տեխնոլոգիաներ և այլն։
Ֆիլմի սյուժեն զարգանալու է որբանոցում, ցուցադրվելու է նաև երեխաների բռնի թրքացումը, և թե ինչպես էին նրանք փորձում պահպանել իրենց ինքնությունը և պայքարել դրա համար՝ չնայած այդքան փոքր տարիքին: Ֆիլմում շեշտը դրվելու է այդ շրջանի երեխաների սխրանքների վրա ՝ հիմնվելով հուշագրությունների, այսինքն՝ իրական պատմությունների վրա։ Հուսով ենք, որ ֆիլմը հաջողություն կունենա, ազգային արժեքների համար պայքարի օրինակ կդառնա, քանի որ այն պատմում է ոչ միայն զոհերի կամ կորուստների, այլ առաջին հերթին սխրանքների, սեփական արժեքների պահպանման մասին, որոնց շնորհիվ պահպանվել է հայությունը:
Լեռնային Ղարաբաղի առաջնորդների գերությունը ցեղասպանության մի մաս է․ Լուիս Օկամպո
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է մեր կողմից մշակված կրթական ծրագիրը ավագ դպրոցի աշակերտների համար: Այս պահին այն գործում է միայն մեկ դպրոցում, սակայն մենք աշխատանքներ ենք տանում դրա ադապտացման ուղղությամբ, բացի այդ, նախատեսում ենք շրջաբերական թողարկել ուսուցիչների համար, որը նրանց թույլ կտա հասկանալ, թե ինչպես դասավանդել և ինչպես պատմել այդ մասին դպրոցականներին։
ՀՑԹԻ-ն նաև կազմակերպում է դասընթացներ, որոնց շրջանակներում դպրոցականներն այցելում են թանգարան-ինստիտուտ, մեր աշխատակիցները նրանց ներկայացնում են այդ ժամանակաշրջանի պատմությունը, իրադարձությունները: Թանգարանը 2019 թվականից իրականացնում է նաև ուսուցիչների համար նախատեսված ամառային դպրոցի ծրագիր: Մենք ուզում ենք անել հնարավորը` մշակելու այնպիսի ծրագիր, որը թույլ կտա Ցեղասպանության մասին պատմել ավելի փոքր տարիքային խմբերին: Ի դեպ, Հոլոքոստի պատմությունը դասավանդվում է նաև տարրական դասարաններում, ընդ որում՝ ոչ միայն Իսրայելում։
- Նշեք, խնդրում եմ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ ձախողումը։
- Ամենամեծ ձեռքբերումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն է ԱՄՆ-ում։ Նահանգների կողմից ճանաչումը կարևոր և նշանակալի էր այնքանով, որքանով այդ ժամանակաշրջանի իրադարձություններն արդեն Ցեղասպանություն էին ճանաչել Ռուսաստանն ու Ֆրանսիան, որտեղ մենք խոշոր համայնքներ ունենք։
Դա կարևոր էր նաև մեր հայրենակիցների համար, որոնք հիմնականում Ցեղասպանությունը վերապրածերի սերունդներն էին։ Դա կարևոր էր նաև նրանց անվտանգության ապահովման, հիշողության, ճշմարտության համար պայքարի տեսանկյունից։
Այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է. Լեմկինի ինստիտուտ
Ամենաողբերգականը, կարծում եմ, այն էր, որ լինելով Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մի երկիր, որը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար և իր ներդրումն է ունեցել այդ երևույթի կանխարգելման գործընթացում, մենք չկարողացանք կանխել այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների հետ։ Թեև մենք լիարժեքորեն գիտակցում էինք, թե ինչ է կատարվում, պայքարում էինք, խոսում Ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտության մասին, բայց չկարողացանք կանխել…
Սա ոչ միայն Հայաստանի, այլև ողջ մարդկության պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։