ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Փարիզում անհայտ անձը մտել է Իրանի հյուպատոսարան և սպառնացել պայթեցնել իրեն, հայտնում է ֆրանսիական Europe1 ռադիոկայանը։
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ անհայտ անձի վրա ամրացրած գոտի կա (ենթադրաբար՝ պայթուցիկով), իսկ ձեռքին` նռնակ հիշեցնող առարկա։
Անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել, իսկ մետրոյի մոտակա 6-րդ և 9-րդ գծերով երթևեկությունը դադարեցվել է։ Հյուպատոսարանի շրջակայքը շրջափակված է։
BFMTV-ն էլ, հղում անելով ոստիկանության աղբյուրին, հայտնում է, որ Փարիզում Իրանի հյուպատոսարան մուտք գործած տղամարդը բերման է ենթարկվել։
Լրատվամիջոցի հաղորդմամբ` տղամարդը դուրս է եկել հյուպատոսության շենքից և ինքնակամ հանձնվել։ Նրա ինքնությունն ու արարքի շարժառիթները պարզվում են։