Իսրայելի և Իրանի միջև կայուն հակամարտության վտանգ կա. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի հատվածում կոտորածին վերջ տալը և տևական խաղաղության հաստատումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կարող է վերաճել կայուն հակամարտության։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը։
«Վտանգ կա, որ այն լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակումից հետո, վերջին իրադարձությունների արդյունքում կարող է վերածվել կայուն հակամարտության: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- նշված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշում է, ր միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի Գազայի կոտորածին վերջ տալը և պաղեստինյան պետության ստեղծման միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Բացի այդ, հարված է հասցվել նաև Սիրիայի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերին։ Երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել: