Չինաստանը դեմ է սրացման տանող քայլերին․ ԱԳՆ–ն` Իրանին ուղղված իսրայելական հարվածի մասին

Չինաստանի ԱԳՆ
Ավելի վաղ Չինաստանը դատապարտել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը, ինչն էլ հրահրել էր Թեհրանին հարվածել Իսրայելին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Չինաստանը դեմ է սրացման տանող գործողություններին: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածը։

«Չինական կողմն ուշադիր հետևում է համապատասխան հաղորդագրություններին և դեմ է ցանկացած գործողության, որը հանգեցնում է էսկալացիայի և լարվածության աճի»,- ասել Է Լին Ցզյանը:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim» գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել:
Հիշեցնենք` Իրանը ապրիլի 14–ի գիշերը կամիկաձե դրոններով հարձակվեց Իսրայելի վրա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նաև բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակվել։
Իրանը հայտարարեց, որ հարձակումը Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտի դեմ ագրեսիայի պատասխանն է և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը վստահեցրել էր, որ կպատասխանի Իրանի հարձակմանը։