Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան

Sputnik
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել է, որ անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի քննչական բաժին ու խոշտանգման ենթարկել։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են իրավապահները մի տղամարդու պատգարակով տեղափոխում դեպի շտապօգնության մեքենա։
Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ երբ վկան ցուցմունք է տվել, նրան ասել են, որ հագուստը պետք է առգրավեն։ Վկան հրաժարվել է, քանի որ չի ցանկացել մերկանալ, հատկապես երբ 2-րդ հագուստ իր հետ չի ունեցել։
«Վկան ասաց, որ ինչպես ցուցմունքը կարող է իր դեմ օգտագործվել, այնպես էլ հագուստը, այդ պատճառով հրաժարվեց հագուստները տալ։ Քննիչն ասաց, որ հարկադրաբար են հանելու հագուստները։ Դրանից հետո եկան քրեական հետախուզության աշխատակիցներ, նրան գցեցին գետնին, քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի ամբողջ հագուստը վրայից հանեն։ Այդ ամբողջն ուղեկցվեց ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով, սպառնալիքներով։ Անձի վրա հիմա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,-կատարվածը նկարագրել է փաստաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ խոշտանգումները շարունակվել են մոտ 20-25 րոպե, ինչից հետո անձի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Հովհաննիսյանի խոսքով` իրավապահները չեն ցանկացել անգամ շտապօգնություն կանչել, սակայն, ի վերջո, կանչել են ու անձին տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։