ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը նպատակաուղղված գնդակոծել են Գորլովկայի կենտրոնում գտնվող հիվանդանոցն ու արյան փոխներարկման կայանները, վնասվածքներ է ստացել 8 մարդ։ Այս մասին հայտնել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Ուկրաինայի զինված ստորաբաժանումները գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը։ Նպատակաուղղված հարվածել են հիվանդանոցին և արյան փոխներարկման կայաններին։ Վնասվածքներ ստացած 8 խաղաղ բնակիչներից մեկը երեխա է, որը թեթև աստիճանի վնասվածքներ է ստացել»,– գրել է Պուշիլինը Telegram–յան ալիքում։
Նախնական տվյալներով` Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել։
Բացի դրանից, Դոնեցկի Կիևյան շրջանում պայթուցիկ առարկայի պայթյունից միջին ծանրության վնասվածք է ստացել մեկ խաղաղ բնակիչ։
«Այսպիսով` այս պահի դրությամբ 9 մարդ է վնասվածք ստացել։ Ընդհանուր առմամբ 12 հրետակոծություն է եղել, արձակվել է 33 զինամթերք։ Կիրառվել է ռեակտիվ հրետանի (HIMARS), ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի փողային հրետանի, այդ թվում` կասետային տիպի, հարվածային ԱԹՍ–ներ։ Ուկրաինայի զինված կազմավորումների կրակի տակ են Դոնեցկը, Գորլովկան, Վոլնովախայի շրջանը»,– եզրափակել է Պուշիլինը:
Տարածաշրջանի ղեկավարի խոսքով` բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։