ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայտնել ենք, որ ըստ մամուլում հրապարակված լուրերի` Փաշինյանը տարբեր պատճառաբանություններով հետաձգում էր ՔՊ–ական պատգամավորների հետ հանդիպումը` պատճառաբանելով, թե զբաղված է։
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։