Հայաստանցի թոշակառուների մոտ 25 տոկոսը փոխել են «Միր» քարտերը պատժամիջոցների պատճառով

Մինչև հայկական բանկերի կողմից դրանց սպասարկումը դադարեցնելը Հայաստանում «Միր» քարտի ծառայություններից օգտվում էր բոլոր թոշակառուների մեկ հինգերորդը։
Sputnik
«ՎՏԲ-Հայաստան» բանկում «Միր» քարտապան էին 113 հազար թոշակառու, հիմա՝ 84 հազար: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում թոշակառուների թիվը մոտ 488 հազար է (չհաշված զինվորական կենսաթոշակ ստացող պաշտոնաթող սպաներին)։
«ՎՏԲ-Հայաստան» բանկը չի մասնակցում Հայաստանի ազգային վճարահաշվարկային համակարգին (ArCa), սակայն բյուջետային վճարումների իմաստով «Միր» քարտերը, որպես Հայաստանում թողարկված, պետության համար իրավահավասար են: Ուստի պետական հատվածի աշխատակիցները հիմա էլ կարող են աշխատավարձ ստանալ, իսկ թոշակառուները՝ թոշակ։
Սակայն հայկական բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելուց հետո թոշակառուները չեն կարող պետությունից ստանալ իրենց կենսաթոշակի մինչև 10 տոկոսի չափով վերադարձը (քեշբեք): Բայց սա միակ պատճառը չէ, որի համար թոշակառուներն այլ քարտերի են անցնում։ Նրանց մի մասը, հնարավոր է, պահի ազդեցության տակ են փոխել բանկը՝ պատժամիջոցների մասին նորությունների և վերնագրերի ազդեցության տակ, մյուս մասը՝ Եվրոպայից կամ այլ երկրներից դրամական փոխանցումներ (օրինակ՝ իրենց երեխաներից) ստանալու անհնարինության պատճառով։
Խնդիրն այն է, որ ArCa համակարգին մասնակցող հայկական այլ բանկերի pos-տերմինալները ստիպված դադարել են ընդունել «Միր» քարտերը (ամերիկյան պատժամիջոցների պատճառով): Իսկ ArCa համակարգում ընդգրկված են Հայաստանի գրեթե բոլոր մյուս բանկերը, բացի իրանական կապիտալ ունեցող Mellat Bank Armenia-ից։
Հավելենք, որ ավելի վաղ «ՎՏԲ Հայաստան»-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել էին, որ միջոցներ են ձեռնարկում ՀՀ մանրածախ վաճառքի կետերում pos-տերմինալների տեղադրման ուղղությամբ՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավորությամբ։ Բանկում առայժմ չեն մեկնաբանում այն հարցը, թե նախատեսում են արդյոք ապագայում աշխատանքի նախարարությունից քեշբեքի վերականգնում պահանջել (եթե ՎՏԲ-ի pos-երը Հայաստանի խանութներում այնքան շատ լինեն, որ «Միր»-ի քարտապանները կարողանան քիչ թե շատ ազատ օգտվել դրանցից):
Արձակուրդ առանց «Միր» քարտերի․ ինչ պետք է անի ՀՀ–ն, որ չկորցնի ռուս զբոսաշրջիկներին
Մարտի 30-ից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել է Հայաստանի ArCa միասնական վճարային համակարգը: Որոշումը հայկական առևտրային բանկերն ընդունել են երկրորդային պատժամիջոցների ռիսկի պատճառով, քանի որ «Միր» վճարային քարտերի ազգային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների տակ էր հայտնվել փետրվարին: «Միր» քարտերն անջատել են նաև Ղրղզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը։