Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունները

Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն արդեն 2 տարի 7 ամիս կալանքի տակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը` նշելով, որ 2 միջնորդություն էր ներկայացվել։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Տոնոյանի խափանման միջոցը փոխելու և խափանումն առհասարակ վերացնելու միջնորդությունները»,– ասաց նա։
Պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրը ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։