Հերթական վանդալիզմը. Բաքուն քանդել է Շուշիի Կանաչ ժամը

Շուշիի Կանաչ ժամը. Արխիվային լուսանկար
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ եկեղեցին քանդվել է փետրվարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ադրբեջանը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը, որն ավելի քան 200 տարվա պատմություն ուներ։ Տեղեկությունը X-ի միկրոբլոգում հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։
«Ադրբեջանը քանդել է 1818 թվականին կառուցված պատմական հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է որպես Կանաչ ժամ)։ Եկեղեցին գտնվում էր Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։ Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Բաքվի այս կանխամտածված գործողությունը վկայում է իրենց նախնիների հողերում հայերի ժառանգության համակարգված ոչնչացման մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է մշակութային վանդալիզմ։ Շուշիում ոչնչացված հուշակոթողներից է նաև Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը։ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։
Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։
Ադրբեջանը շարունակում է Արցախում մշակութային վանդալիզմը. ավերել են Հալիվորի կամուրջը
Ադրբեջանցիները քանդել են նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։