Փաշինյանը հանդիպել է ոսկեպարցիներին. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին թույլ չեն տվել մասնակցել

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում
Փաշինյանն այցելել է Ոսկեպար՝ քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ոսկեպար գյուղի բնակիչների հանդիպումը կայացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, որին Փաշինյանի թիկնապահները արգելել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, թե այն վերաբերում է բացառապես ոսկեպարցիներին և վարչապետին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Փաշինյանի հետ հանդիպումն արդեն ավարտվել է։
Նշենք, որ Փաշինյանն այցելել է Ոսկեպար՝ քննարկելու Տավուշի մարզի հարակից չորս գյուղերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցը։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում: