Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվում է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
ՏԱՍՍ-ի թղթակցի խոսքով ՝ ցուցարարները (հիմնականում «Նոր» կուսակցության ներկայացուցիչները) որոշել են դիրքավորվել ծառայողական մուտքի մոտ, որպեսզի թույլ չտան պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցներին լքել աշխատավայրը:
Ոստիկանները նրանց խնդրել են հեռանալ դարպասից, սակայն նրանք հրաժարվել են, ինչից հետո ընդհարում է սկսվել։ Ձերբակալվածների մասին չի հաղորդվում։
Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 15-ի առավոտյան և շարունակվել մինչև ուշ գիշեր:
Ցուցարարները փորձել են բարձրանալ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել: Արդյունքում ձերբակալվել է 14 մարդ։ Ծեծկռտուքի ժամանակ տուժել է մեկ ոստիկան։
Նշենք, որ օրինագծի (որը հետ էր կանչվել 2023 թվականի մարտին տեղի ունեցած զանգվածային դժգոհության ֆոնին) կրկնակի նախաձեռնումը իշխանությունները հիմնավորում են նրանով, որ արտասահմանյան դոնորները ավելացրել են Վրաստանում արմատական խմբերի և կուսակցությունների գաղտնի ֆինանսավորումը՝ չնայած թափանցիկության մասին խոստումներին։
Առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը նույն շարքին է դասում Վրաստանի բարեկամներին ու թշնամիներին, պիտակավորում ՀԿ-ներին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին:
Վրաստանի իշխանություններին այդ օրինագծից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունը, ներառյալ ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը: