Թեհրանը դժգոհ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից. ՀՀ–ում Իրանի դեսպան

Մեհդի Սոբհանի
Լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև միջազգային իրավունքների հարգումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և շարունակել երկխոսությունը խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճից, որն ի վնաս է ինչպես տարածաշրջանի ժողովուրդների, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի հարևանների համար»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ լարվածության թուլացման համար կարևոր են երկխոսությունն ու դիվանագիտությունը, ինչպես նաև ինքնիշխանության, սահմանների տարածքային ամբողջականության խախտումների բացառումն ու միջազգային իրավունքների հարգումը:
Նա ընդգծեց, որ պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, և Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության և բարեկամության առանցքի վրա։
«Տարածաշրջանին և աշխարհին մեր ուղերձն աշխարհի բոլոր երկրների համար նույնն է․ այն խաղաղության, անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը ԻԻՀ-ի գլխավոր առաջնահերթություններից է, Իրանի համար հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»,- ասաց դեսպանը։
Սոբհանին ևս մեկ անգամ շեշտեց՝ Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՊՆ–ն հերքում է այդ հաղորդագրությունները և ապատեղեկատվություն որակում դրանք` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։