ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Այսուհետ Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3–ին կնշվի Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության օրը։ Այս մասին որոշում կայացվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 79 կողմ ձայնով։ Դեմ և ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չկային։
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։
Նիստի երկրորդ մասում ելույթ ունեցավ Սինջարի եզդիների ցեղասպանության ականատես Ֆեյրալ Սայիդ Թալալին, որը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախկին և ներկա իշխանություններին, որոնք մշտապես պաշտպանում են եզդիներին ու աջակցություն ցուցաբերում։
«Ես մի քանի ամիս մնացել եմ «Իսլամական պետության» ձեռքերում։ Մեզ տարել էին Սիրիա, մոտ 10 օր այնտեղ էինք, հետո մեզ տարել էին Թել Աֆար քաղաք, որտեղ մեզ բոլորիս գնեցին ու բոլորիս տանում էին որպես հարճ։ Եղել ենք նաև Մուսուլում, որտեղ մեկ հարկի տակ բազմաթիվ կանանց ու աղջիկների էին պահում, նույնիսկ չէինք կարողանում հաշվել։ Իմ ամուսինն էլ անհետ կորած է, շատերից տեղեկություն չունենք`որտեղ են, ինչ են անում, ինչ վիճակում են»,– նշեց տիկին Թալալին։
Վերջինիս ելույթից հետո Ռուստամ Բաքոյանը ծաղիկներ նվիրեց ցեղասպանության ականատես կնոջը։