Կարող է` կոպիտ բան ասեմ. Փաշինյանը` ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողները կոլեկտիվներում չեն դառնա գայթակղության կամ բաժանության առիթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներն անհրաժեշտություն էին, չնայած նրան, որ ոստիկանության քիչ ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի նիստ ներքին գործերի նախարարությունում
«Ատեստավորում անցած ոստիկանների թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի»,–նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հույս ունի, որ ատեստավորումը գերազանցությամբ հանձնած ծառայողների օրինակը կոլեկտիվներում նոր խթան կդառնա:
«Կարող է` կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է»,–ասել է նա։
Նշենք, որ այս տարվա հունվարի դրությամբ ատեստավորման համար դիմել է ՆԳՆ ոստիկանության 1119 ծառայող: Ատեստավորումը հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։