Թուրքական դատարանը ճոպանուղու վթարի գործով 5 մարդու է կալանավորել

Դատարան
Թուրքիայի արդարադատության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ճոպանուղու վթարի պատճառը կարող էր լինել մետաղական կոնստրուկցիաների կոռոզիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Դատարանը Անթալիայում ճոպանուղու վթարի գործով կալանավորել է 5 մարդու: Տեղեկությունը X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։
«Փորձագետների նախնական զեկույցի գնահատումից հետո ավելի վաղ ձերբակալված 14 անձանցից 5–ը կալանավորվել են, 8-ի նկատմամբ սահմանվել է դատական հսկողություն, ևս մեկն ազատ է արձակվել», - գրել է նա:
IHA գործակալության տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը Անթալիայի Քեպեզ շրջանի պրեֆեկտ Մեսութ Քոջագյոզն է, որն ավելի վաղ եղել է ճոպանուղու կառավարմամբ զբաղվող «Anet» ընկերության ղեկավարը։
Մինչ այդ Թունչը հայտարարել էր, որ ճոպանուղու վթարի պատճառը կարող էր լինել մետաղական կոնստրուկցիաների կոռոզիան:
Հիշեցնենք` ապրիլի 12-ին Անթալիայում ճոպանուղու հենարանի մի մասը պոկվել և հարվածել էր խցիկներից մեկին՝ վնասելով հատակը, ներսում գտնվող մարդիկ ընկել էին գետնին: Մեկ մարդ մահացել էր, ևս 17-ը` տուժել։ Բարձրության վրա գտնվող խցիկներում արգելափակվել էր 174 մարդ, որոնց տարհանել էին օրվա ընթացքում։
Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բեջեքը վստահեցրել է, որ 2017 թվականին բացված ճոպանուղին անցել է բոլոր անհրաժեշտ տարեկան ստուգումները: