ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ծաղկաձորում։ Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
«Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին»,– գրում է պարբերականը։
«Հետքի» տվյալներով` 1 քմ հողամասը գնվել է 27 դոլարով, մինչդեռ Ծաղկաձորում վաճառվող հողամասերի 1 քմ շուկայական արժեքը 97 ԱՄՆ դոլար է։ Եթե այս թիվը բազմապատկենք «Սատուրնավան» ՍՊԸ-ի գնած հողամասի մակերեսով, կստացվի 3 մլն 783 հազար դոլար։ Այսինքն՝ հողամասը գնվել է շուկայական արժեքից 2 մլն 717 հազար դոլարով պակաս։
Պարբերականը տեղեկացնում է, որ «Սատուրնավան» ընկերությունը հիմնադրել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորորդին՝ Արիկ Սուքիասյանը և պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայրը՝ Սոս Հակոբյանը (50/50 բաժնեմասով)։ 2023 թ. սկսած ընկերության` Արիկ Սուքիասյանին պատկանող բաժնեմասերի 50 տոկոս մասնաբաժինը պարբերաբար փոխանցվել է տարբեր մարդկանց։ Այս տարվա մարտին արդեն «Սատուրնավան» ընկերության բաժնետերեր են Սոս Հակոբյանը և Գյումրիի տնակային ավանում հաշվառված Ռաֆայել Բագրատունին։
«Հետքը» պարզաբանում ստանալու համար դիմել է և՛ Խաչատուր Սուքիասյանին, և՛ Վաղարշակ Հակոբյանին։ Երկուսն էլ հերքել են ընկերության հետ իրենց անմիջական կապը։