ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Կրոկուս Սիթի Հոլի» վրա հարձակման գործով անցնող Մուհամմադ Շարիպզոդան բողոքարկել է իր խափանման միջոց կալանքը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի Բասմանի դատարանը, որտեղ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց են ընտրել։
«Դատարանը ստացել է Շարիպզոդայի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ բողոքը։ Այն ավելի ուշ կքննարկվի Մոսկվայի քաղաքային դատարանում»,- հայտնել են դատարանից։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրոիլ, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: