ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով ուրանում են Հայոց ցեղասպանությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ իշխանությունները ևս մեկ զիջում են ի ցույց դնում և ապացուցում են, որ պատրաստ են հրաժարվել Հայաստանի համար այդ կարևոր գործընթացից»,– նշեց նա։
Պատգամավորը վստահեցրեց, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգային խնդիր է ստեղծելու Հայաստանի համար, քանի որ, որպես կանոն, այդպիսի դեպքերը հանգեցնում են այդ հանցագործության կրկնության:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Նշենք, որ ՀՀ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթներից մեկում «ցեղասպանություն» բառի փոխարեն գործածում էր «մեծ եղեռն» և «կոտորած» եզրույթները։
Իսկ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարեց, որ ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։