ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, որոնք գտնվում են ադրբեջանական բանտերում, ապրիլին հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն են ստացել: Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակին։
Ըստ տեղեկությունների՝ կալանավորվածների հետ առանձնազրույցներ են անցկացվել, այնուհետև ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել նրանց:
Նշվում է, որ նման այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է կալանավորվածների պահման պայմաններն ու նրանց հանդեպ վերաբերմունքը։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։