ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում ՀՀ–ն կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
Նշվում է, որ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը։
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը
© Photo : press office of MESCS of RA
«ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են ՀՀ–ում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։