Իրանի ԱԳ նախարարը Լավրովին տեղեկացրել է Իսրայելի գործողություններին արձագանքելու մասին

Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ Աբդոլլահիանը զեկուցել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածին Իրանի պատասխանի մասին։
Երկու նախարարներն էլ ընդգծել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնել տարածաշրջանում նոր սադրիչ գործողությունների պատճառով լարվածության հնարավոր աճի կապակցությամբ։
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։
Իրանից հայտարարել են, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։
Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գրոհը հետ մղելուն մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ռազմաօդային ուժերը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ կառավարությունը որոշում կկայացնի` պատասխան հարձակում անի՞, թե ոչ:
ՀՀ ԱԳՆ–ն երկխոսության կոչ է անում Մերձավոր Արևելքում հետագա առճակատումից խուսափելու համար