Սամշվիլդեն, որը հայտնի է նաև Շամշուլդե անունով, Քարթլիի (Արևելյան Վրաստանի պատմական մարզ) հնագույն քաղաքներից մեկն է, որը կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ։ Շատերը կզարմանան, երբ իմանան, որ այն ժամանակին եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը, ընդ որում՝ առաջին մայրաքաղաքը։
978 թվականին, երբ Աշոտ Գ Ողորմածի որդին՝ Գուրգեն Ա թագավորը, որը հայտնի է նաև Կյուրիկե Ա անունով և Բագրատունիների նոր ճյուղի՝ Կյուրիկյանների տոհմի հիմնադիրն է, դրեց Տաշիր-Ձորագետի թագավորության հիմքը և հենց Սամշվիլդեն հռչակվեց նրա մայրաքաղաք։
Gitarshav տուրիստական խմբի ղեկավար Սահակ Վարդանյանը պատմում է, որ Շամշուլդեն հայկական թագավորության մայրաքաղաքի կարգավիճակը պահպանել է ընդհուպ մինչև 1065 թվականը: Այդ ժամանակ վրաց թագավոր Բագրատ Դ-ին հաջողվել է որսորդության ժամանակ խորամանկությամբ գերի վերցնել Հայոց թագավոր Կյուրիկե Բ-ին (Կյուրիկե Ա-ի թոռանը) նրա եղբոր` Սմբատի հետ միասին։ Ազատություն ստանալու համար Կյուրիկե Բ-ն ստիպված է եղել Բագրատ Դ-ին հանձնել Շամշուլդեն, այնուհետև թագավորության մայրաքաղաքը տեղափոխել Լոռի։
Ցավոք, այսօր «Լոռի Բերդ քաղաքատեղիում» քիչ բան է պահպանվել։ Բացի թշնամու բազմաթիվ արշավանքներից, պատմական արգելոցն անցյալ դարասկզբին շատ է տուժել նաև տեղի բնակչության գործունեությունից։
Լոռի Բերդ բնակավայրի պարիսպները և գլխավոր դարպասները
© Sputnik / Lilit Harutyunyan
«Քաղաքի պատերի մեծ մասը, ինչպես նաև Լոռի Բերդի մյուս շինությունները գյուղացիները քանդել են սեփական տները կառուցելու համար։ Որոշ գյուղացիների բակերում կամ տների պատերի մեջ քարեր կան, որոնք պատմական արժեք են ներկայացնում»,-պատմում է Սահակը։
Պատմական արգելոցում լավ են պահպանվել քաղաքի պարիսպները՝ աշտարակներով, բաղնիքների երկու համալիր՝ մեծ և փոքր, ինչպես նաև բարդ ճակատագիր ունեցած եռանավ բազիլիկ եկեղեցին (հնագետ Արման Նալբանդյանի տվյալներով՝ այս վայրում ի սկզբանե եղել է քրիստոնեական սրբավայր, որը հետագայում վերածվել է վարչական շենքի, իսկ հիմա գյուղացիները, երբեմն էլ զբոսաշրջիկները նորից մոմեր են վառում այստեղ)։ Ահա, ըստ էության, այն ամենը, ինչն այսօր այս վայրը կարող է առաջարկել հետաքրքրասեր ճանապարհորդներին: Իսկ Սամշվիլդեն ընդհակառակը, կարող է պարծենալ իր պատմական հուշարձանների շատ ավելի լավ պահպանությամբ։
Եռանավ բազիլիկ եկեղեցին Լոռի Բերդ բնակավայրում
© Sputnik / Lilit Harutyunyan
Ի՞նչ է իրենից ներկայացնում Սամշվիլդեն այսօր
Քաղաքը գեղատեսիլ սարահարթում է՝ Խրամ և Ճիվճավի գետերի խորը և անառիկ կիրճերի միջև, այնտեղից շունչը կտրվելու աստիճան գեղեցիկ տեսարան է բացվում։
Նույնկերպ էլ Լոռի Բերդը հպարտորեն վեր է խոյանում Ձորագետ և Ուռուտ գետերի կիրճերի եզրին՝ դժվարամատչելի բարձունքում։ Երկու վայրերում էլ խորը և զառիթափ ժայռերը դարեր շարունակ հուսալի բնական խոչընդոտ են ծառայել թշնամիների դեմ:
Սամշվիլդեի կիրճը
© Sputnik / Lilit Harutyunyan
Վերադառնանք Սամշվիլդեին․․․․ պատմական համալիրը գտնվում է Թեթրի Ցկարոյից 6-7 կմ հեռու։ Զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքների և մեծ թվով զբոսաշրջիկների բացակայությունն այս վայրն էլ ավելի ինքնատիպ է դարձնում։
Գլխավոր դարպասին անմիջապես հարում է գյուղական խորդուբորդ ճանապարհը, ուստի ավելի լավ է ոտքով անցնել այն։ Դեպի գլխավոր դարպաս տանող ճանապարհն էլ անցնում է երբեմնի բանուկ քաղաքի գլխավոր փողոցով, որը երկու կողմից պարսպապատված է երկու մետրանոց պատով։ Այս պատի վրա ո՛չ աշտարակներ կան, ո՛չ ամրություններ։
Գլխավոր դարպաս տանող գյուղական խորդուբորդ ճանապարհը
© Sputnik / Lilit Harutyunyan
Բերդաքաղաքի մուտքի մոտ մեզ դիմավորում է Սուրեն պապը, որն ավելի քան տասը տարի Շամշուլդեի ավերակների պահապանն է։ Նա պատմում է, որ հատկապես օգոստոսին՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, շատ հայեր են գալիս այստեղ։
Գլխավոր մուտքի մոտ է գտնվում Աստվածածնի փոքրիկ ու հարմարավետ տաճարը։ Ուշադրություն է գրավում եզակի մենհիր-խաչքարը՝ Սմբատ իշխանին հիշատակող 1044 թվականի հայկական արձանագրությամբ։ Ի սկզբանե այս մասունքը բաց երկնքի տակ էր, իսկ հիմա ցուցադրվում է եկեղեցու խորանի մոտ:
Սամշվիլդեի Աստվածածին եկեղեցին
© Sputnik / Lilit Harutyunyan
Եկեղեցուց ոչ հեռու քարե ձի է կանգնած։ Ուշադիր զննելու դեպքում կարելի է տեսնել արձանի կողային մասում փորագրված մարդկային կերպարանքը, ինչպես նաև հրացանի, փամփուշտների, եղջյուրի և սրի պատկերները։
Այս ձին իրավամբ համարվում է Շամշուլդեի խորհրդանիշն ու այցեքարտը՝ ճանապարհորդներին հրավիրելով ընկղմվել խոր հնության մեջ։
Մենհիր-խաչքարը՝ Սմբատ իշխանին հիշատակող 1044 թվականի հայկական արձանագրությամբ
© Sputnik / Lilit Harutyunyan
Անցնելով գլխավոր ճանապարհով՝ թեքվում ենք աջ, և հիասքանչ տեսարան է բացվում դեպի կիրճը։ Շարժվելով դեպի կիրճի եզրը՝ մեծ երկանքի քար ենք հայտնաբերում, որը կարծես անմիջապես գետնից է աճում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այստեղ ժամանակին ձիթհանք է եղել։
Դժբախտաբար, պալատը շատ վատ է պահպանվել. դրանից մնացել է միայն փոքր պատուհաններով մի պատ և մի քարակույտ:
Զբոսաշրջիկները պետք է ուշադրություն դարձնեն Սամշվիլդեի երկու քարակույտերին, սակայն կոնկրետ ինչ պատմական իրադարձությունների մասին են դրանք վկայում՝ տեղեկություններ չկան։
Ձիթհանքից գլխավոր ճանապարհով ևս մի քանի քայլ, և ձեր առջև կանգնած են միջնաբերդի ահռելի աշտարակները՝ մոտ 60 մետր երկարությամբ: Միջնաբերդն այնպես է նախագծված, որ ներս մտնող թշնամին ակնթարթորեն կհայտնվի խաչաձև եռակողմ կրակի տակ, իսկ չորրորդ կողմում նրան անհատակ անդունդ է սպասում։ Նույն սկզբունքով է կառուցվել նաև Լոռի բերդը։
Համարձակ այցելուները կարողանում են բարձրանալ միջնաբերդի երկու մետր հաստությամբ պատերին` իհարկե չմոռանալով զգուշության մասին: Ռիսկը պարգևատրվում է բուն քաղաքի և կիրճի ցնցող տեսարաններով:
Միջնաբերդի հետևում բաղնիքներ են և ջրի խոշոր ավազաններ։ Ներկայումս այդ տարածքը պարսպապատված է կարմիր-սպիտակ ժապավեններով. այնտեղ հնագիտական պեղումներ են ընթանում։
Բերդից դուրս ևս երեք եկեղեցի կա, որոնցից յուրաքանչյուրը յուրովի բացառիկ է. հայտնի Սամշվիլդեի Սիոնը, կյուրիկյանների եռանավ բազիլիկը և Սուրբ Թեոդորի դահլիճային եկեղեցին:
Սամշվիլդեի ամրոցի բաղնիքները
© Sputnik / Lilit Harutyunyan
Սամշվիլդեի Սիոնն առանձնահատուկ է որպես Վրաստանի սակավաթիվ կենտրոնական գմբեթավոր տաճարներից մեկը։ Ցավոք, թուրքական արշավանքների հետևանքով հուշարձանն ավերվել է, հիմա տաճարից մնացել է միայն արևելյան պատը՝ աբսիդներով։
Արևելյան ճակատի արտաքին մասում վրացերեն արձանագրությունը վկայում է, որ շենքը կառուցվել է մոտ 759-777 թթ.-ին: Ճակատի հարավային կողմում կա նաև մեկ այլ՝ գրեթե անընթեռնելի վրացերեն արձանագրություն, իսկ կողքին՝ հայերեն մի հատված, որտեղ հիշատակվում է Հայոց կաթողիկոս Գևորգ Գ լոռեցին:
Սիոնիից արևմուտք գտնվում է 10-11-րդ դարերում կառուցված հայկական եռանավ բազիլիկ եկեղեցի՝ մուգ բազալտե քարերով: Երրորդը՝ Սբ․ Թեոդորոս դահլիճային եկեղեցին՝ ելուստային աբսիդով, հետաքրքիր է նրանով, որ միայն դրա վրա են որմնանկարների մնացորդներ պահպանվել: Իսկ վրացերենով արձանագրության մեջ հիշատակվում է Վրաստանի թագավոր Դավիթ Դ-ն (1089-1125 թթ.)։
Իսկ վերջում հավելենք, որ Հայաստանից կարելի է Սամշվիլդե մեկնել և վերադառնալ մեկ օրում՝ սահմանը հատելով Գոգավանի մաքսակետով։ Բարենպաստ եղանակի դեպքում այս շրջագայությունը անմոռանալի տպավորություններ կպարգևի ինչպես պատմության և հնագույն հուշարձանների երկրպագուներին, այնպես էլ գեղատեսիլ լանդշաֆտների և հոյակապ տեսարանների սիրահարներին: