ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. զոհեր, վիրավորներ չկան։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ հայր Տիրան վարդապետ Հակոբյանը։
«Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրավորներ չունենք։ Ամեն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Հարության տաճար՝ աղոթքի»,– գրել է նա։
«Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանն իր հերթին գրել է, որ հայկական համայնքը վիրավորներ ու զոհեր չունի։
«Աստծուն փառք զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի»,– գրել է նա։
Նրա խոսքով` անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռների կողմից:
Հիշեցնենք, որ այս գիշեր Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում Է, որ Իսրայելի ուղղությամբ հարյուրավոր ԱԹՍ հարվածներ են եղել։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելական ռադիոկայանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Իսրայելի վրա անօդաչուներով հարձակվել են ոչ միայն Իրանի, այլև Եմենի կողմից:
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա Թեհրանի հարձակումը պատասխանն է Դամասկոսում Իրանի դիվանագիտական օբյեկտների դեմ արված ագրեսիային և հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։