Ղազախստանը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը Հայաստան. Տոկաև

Ղազախստանի նախագահը նշել է, որ նոր երթուղիները կօգնեն ավելացնել Հայաստանի և Ղազախստանի առևտրաշրջանառությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Տարածաշրջանում նոր երթուղիները կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Այս մասին ասել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
Չնայած վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ, իսկ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով, բայց, Տոկաևի կարծիքով, առևտրի ծավալները չեն համապատասխանում երկու երկրների ներուժին։
«Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին»,– ասել է նա։
Ղազախստանի նախագահը շեշտել է, որ զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Այս համատեքստում, ըստ Տոկաևի, ուշադրության է արժանի նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, ինչպես նաև տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական խնդրի նկատմամբ. Տոկաև
Նա հիշեցրել է, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր, ու կարևոր է համարել ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։
«Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով»,– ասել է նա։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարծում է, որ հայ– ղազախական գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է նաև 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթերի բացումը։ Նա հույս է հայտնել, որ շուտով ուղիղ չվերթեր կլինեն նաև երկու մայրաքաղաքների միջև։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: