20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ. ՊՆ

Նշվում է, որ մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երեկ Սյունիքի մարզում զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենայի վթարի հետևանքով տուժած 13 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ։ Այս մասին հայտում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։
«Մարմնական թեթև վնասվածքներ ստացած 7 զինծառայողները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն»,– ասվում է հաղորդագրությունում։
ՊՆ–ից հայտնում են նաև որ այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել զինծառայողներին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում
Նախարարներին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և մանրամասներ բուժման ընթացքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։