ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանից ՏՏ մասնագետների զանգվածային արտահոսքի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ–ում 2023 թ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմության հայտարարություններին։
Մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, վկայակոչելով ՀՀ–ում ՏՏ ոլորտի վիճակի վերաբերյալ վերջին խորհրդարանական լսումները, հայտարարեց, որ 2022 թ փետրվարից հետո ՀՀ ժամանած շուրջ 90 հազար մասնագետներից 75 հազարը արդեն լքել են երկիրը։
Փաշինյանը նշեց, որ 2024 թ–ի սկզբի համեմատ ՏՏ մասնագետների թեև փոքր, բայց աճ է նկատվում: Այդ պատճառով, ըստ նրա, հայտարարություններն այն մասին, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ կապ չունեն։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով` 2024 թ հունվարին ոլորտում պաշտոնապես աշխատանքի է տեղավորվել շուրջ 31 850 մարդ կամ 4,4 տոկոսով ավելի, քան 2023 թ հունվարին։ Այս ցուցանիշը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Բացի այդ, եթե մասնավոր հատվածում այդ ցուցանիշն աճել է մոտ 4 տոկոսով, ապա պետական հատվածում՝ ավելի քան երեք անգամ։