ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում լեռնագնացության սարքավորումներով ու հանդերձանքով աշխատելու դասընթաց են անցել։
Նշվում է, որ ապրիլի 1-ից12-ը կենտրոնի ունիվերսալ մարզահամալիրում անցկացվել է «Աշխատանք բարձունքում՝ լեռնագնացության սարքավորումների կիրառմամբ» խորագրով վերապատրաստման ծրագիր:
Դասընթացին մասնակցել են 12 փրկարար և հրամանատար, որոնք անցել են ինչպես հիմնական, այնպես էլ խորացված դասընթացներ: Ծրագրի շրջանակներում փրկարարներըյուրացրել են փոքր խմբով հանքից տարհանման կազմակերպման մեթոդները և տուժածին բարձրացնելու և իջեցնելու եղանակները:
Դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագրեր են ստացել։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը բացվել է 2016 թվականի մարտին Երևանի արվարձանում, իրականացնում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու և տարերային աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմանն ուղղված աշխատանքներ: