ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին մեղավոր ճանաչեց։ Դատական որոշումը հրապարակեց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Մալյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ։
«Նարեկ Բորիսի Մալյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկումը 1 տարի ժամկետով։ Հաշվի առնելով այն, որ նա անազատության մեջ է եղել 2023 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 5 ամիս 7 օր ժամկետով»,- ասաց դատավոր Սուսաննա Գզոգյանը։
Դրանից բացի Նարեկ Մալյանից հօգուտ պետության կբռնագանձվի դատահոգեբանական, դատալեզվաբանական լրացուցիչ փորձաքննության համար ծախսված 306 հազար դրամը։
Մինչ այդ հանրային մեղադրողը նշեց, որ նման դեպքում մինչև 4 տարի ժամկետով են ազատազրկում, սակայն դատարանին առաջարկեց Նարեկ Մալյանին դատապարտել 3 տարի 3 ամիս ժամկետով։ Նա ընդգծեց, որ նման ժամկետ է առաջարկում՝ հաշվի առնելով քրեական գործում առկա տվյալները, որոնք բնութագրում են Մալյանին։ Այն է՝ երբեք չի եղել դատապարտված, ծանրացնող հանգամանք էլ առկա չէ։
Հիշեցնենք, որ դեռ փետրվար ամսին Մալյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր էին ներկայացվել, սակայն միևնույնն է` նրա կալանքը երկարաձգվել էր 2 ամսով։
Հիշեցնենք` «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար Մալյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով։ Ավելի ուշ նա արդարացվեց։
Մալյանը կրկին ձերբակալվեց 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, 2 օր անց կալանավորվեց։