ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզի դատարանում ապրիլի 11–ին վկաներ են հարցաքննվել։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, և երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երևանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր»,–գրում է «Ժողովուրդը»։
Նշենք, որ դատարան է ներկայացել նաև Ջալալ Հարությունյանը։ Օրաթերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020թ․հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ ձևով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։
Ջալալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ հանրային քրեական նոր հետապնդում է հարուցվել։