Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը

Հերթական նիստին ՀՀ–ն ներկայացել է փոխարտգործնախարարի մակարդակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 – ապրիլի Sputnik. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերին։ Այս մասին Մինսկում ընթացող ԱԳՆ խորհրդի նիստում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոսկվայում։
Լեբեդևը նաև նշել է, որ հոկտեմբերի 8-ին էլ Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը անցկացվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում է փոխախարար Մնացական Սաֆարյանը։
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։
ԱՊՀ երկրների արտգործնախարարի խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Միրզոյանն այդ նիստին նույնպես չէր մասնակցել, Բիշքեկ էր մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։