Ազգային ժողովն ընդունեց ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխությունները

Մայր աթոռը փոփոխությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգիչ համարելով «զուգընկեր» հասկացության ներմուծումը, որը, ըստ էության, չի բացառում, որ զուգընկեր կարող են լինել նաև նույնասեռ մարդիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Կողմ են քվեարկել 57 պատգամավոր, դեմ՝ 25, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ փոփոխությունների նախագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է, օրինակ, կուսության ստուգումն արգելելուն։ Նաև նոր փոփոխություններով, այսպես ասած, ներմուծվում է «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին։
Առաջարկող փոփոխությունները դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը։ Մասնավորաբար, Մայր աթոռը մտահոգիչ է համարում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը։
Համաձայն նախագծի, զուգընկեր է համարվում այն անձը, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից: Եկեղեցին անհանգստացած և մտահոգված է, որ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը
Ընդդիմությունը ևս քննադատել է օրենքում առաջարկվող փոփոխություններից մի քանիսը՝ պահանջելով հստակ ձևակերպել, որ զուգընկերները կինն ու տղամարդն են, իշխանության ներկայացուցիչները հակադրվում են` ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ նման հստակ ձևակերպում չկա։