ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և նրա արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը։ Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք (խմբ. ԱՄՆ-ն և դաշնակիցները) փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջաններ, խանգարել Հարավային Կովկասում իրադրության կայունացման գործընթացին, չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղվող տարբեր ձևաչափեր։
Լավրովի կարծիքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, այնուամենայնիվ, հավատարիմ են ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նա համոզված է, որ ռազմավարական առումով արևմտյան գիծը դատապարտված է ձախողման։