Վերջապես պարզվեց՝ ով է մեղավոր գլոբալ ջերմացման համար. ըստ դատարանի` Շվեյցարիան

Ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն աննախադեպ որոշում կայացրեց՝ Շվեյցարիայի կառավարութանը մեղադրելով , այսպես ասենք, «կլիմայական անգործության» մեջ։
Sputnik
Սա նշանակում է, որ Շվեյցարիայի իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկում գլոբալ ջերմացման դեմ պայքարելու համար, ինչի հետևանքով վատթարանում են կին թոշակառուների առողջական վիճակը և կյանքի պայմանները։ Ինչո՞ւ հենց կին թոշակառուների։ Նախ, այն հասարակական կազմակերպությունը, որը Եվրոպական դատարան էր դիմել, կոչվում է «Տարեց կանայք՝ ի պաշտպանություն կլիմայի» և միավորում է մոտ 2000 թոշակառուների։ Հետո, բժիշկները հաստատում են՝ կանայք շատ ավելի վատ են տանում շոգը, քան տղամարդիկ։
Այս կազմակերպության անդամ կանայք, որոնց Շվեյցարիայում անվանում են Klimaseniorinnen, պնդում են՝ ամառներն այնքան անտանելի են դարձել, որ այլևս հնարավոր չէ տնից դուրս գալ կամ զբոսնել մոտակա պուրակում։ Եվ մեղավորը Շվեյցարիայի իշխանություններն են, որոնք չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները, գրեթե ոչինչ չեն անում ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու և գլոբալ տաքացման գործընթացի դեմն առնելու համար։ Հետաքրքիր է, չէ՞, Շվեյցարիան, ինչպես գիտեք, բոլորովին էլ աշխարհի ամենաանպարտաճանաչ երկրներից չէ. Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանն են մթնոլորտի աղտոտման առաջատարները։ Բայց դատում են խեղճ Շվեյցարիային։
Շվեյցարացիները բոլորովին էլ չեն նեղվում դրանից։ Հակառակը, ասում են՝ ոչի′նչ, թող մեր կառավարությունը լինի առաջին տուժողը, բայց մեր օրինակը օգտակար նախադեպ դառնա։ Իսկապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները սովորաբար նախադեպային են համարվում Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում, այդ թվում՝ Հայաստանում։ Ուղղակի պարզ չէ, թե ինչպես պիտի կիրառվի դատարանի այս վճիռը։ Մենք հո արդեն հրաշալի գիտենք, որ միջազգային ատյանների ընդունած որոշումների հետ կապված հիմնական և անլուծելի պրոբլեմն այն է, որ անհայտ է, թե ով և ինչպես կարող է պարտադրել դրանց կատարումը։
Ադրբեջանն էլ հրաշալի գիտի, որ այդ մեխանիզմը պարզապես գոյություն չունի կամ առնվազն չի գործում։ Դրա համար էլ Բաքուն համոզված է՝ քանի դեռ Եվրոպական և մյուս միջազգային դատարանները զբաղված են կենսաթոշակառուներին շոգից պաշտպանելով, հանգիստ կարելի էր ամիսներով շրջափակման մեջ պահել արցախցիներին, սովի մատնել, հետո էլ պարզապես տեղահանել 100 հազար մարդկանց իրենց պապենական հողից։
Եվ այնուամենայնիվ, Ստրասբուրգի դատարանի ընդունած այս որոշումը կարող է դրական դեր խաղալ նաև մեզ՝ հայաստանցիներիս, համար։ Թեև այդ վճիռը կառավարության հանդեպ որևէ կոնկրետ պատժամիջոց չի նախատեսում, ամեն դեպքում, Շվեյցարիայի իշխանությունները պատասխանատու են ճանաչվել Փարիզի և Կիոտոյի միջազգային հավաքներում տված խոստումները չկատարելու համար։ Հիմա հիշե′ք, թե քանի խոստում չեն կատարել Հայաստանի իշխանությունները՝ Արցախի և Հայաստանի անվտանգության ամրապնդումից սկսած մինչև բոլոր կարևորագույն հարցերով հանրաքվեների անցկացումը։
«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են անտառում
Չեմ ուզում մանրամասնել, քանզի այդ չկատարված խոստումների շատ երկար ցուցակները տարբեր լրատվամիջոցներ բազմիցս հրապարակել են։ Պարզապես, եթե շվեյցարացի թոշակառուները կարող են դատի տալ միայն այն պատճառով, որ, ինչպես երգում է Ռուբեն Հախվերդյանը՝ «Շոգն անտանելի հանգիստ չի տալիս, փողոցը հալվում ու լող է տալիս», ինչո՞ւ մենք՝ հայաստանցիներս, չենք կարող դատի տալ այն իշխանությանը, որը հինգ տարի առաջ խոստանում էր ամրապնդել մեր անվտանգությունը, իսկ այսօր շարունակ անխուսափելի պատերազմով է սպառնում բոլորիս։
Մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք. բարգավաճ ամերիկացիներն էլ են խիստ դժգոհ կյանքից
Բայց՝ ամենակարևորը։ Քանզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ապացուցեց այս շաբաթ, որ տարեցտարի ահագնացող շոգի համար կարելի է իշխանություններին դատի տալ և նույնիսկ շահել դատը, ինչո՞ւ մենք էլ չփորձենք դատի տալ մեր քաղաքային իշխանություններին։
Ինչպե՞ս թե՝ ինչու։ Առաջ, երբ ամռանը տանը մնալ չէր լինում, գնում էի Ռադիոտան դիմացի նստարաններից մեկին նստում էի սաղարթախիտ ծառի շվաքում ու մեծ հետաքրքրությամբ ընթերցում իշխող կուսակցության խոստումնալից ծրագիրը։ Օրերս այդ հարազատ փրկարար ծառերը հանեցին և տնկեցին ինչ-որ անհասկանալի օտարածին բույսեր, որոնց տակ հնարավոր չէ կարդալ նույնիսկ վարչապետի վեպը Երկրի հակառակ կողմի բնակիչների բովանդակալից կյանքի մասին։ Այսինքն, կոպտորեն խախտվել է գլոբալ ջերմացումից պաշտպանվելու իմ սահմանադրական իրավունքը։ Ի՞նչ եք ասում՝ դատի չտա՞մ։