ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով։ Սոցցանցում նման կարծիք է հայտնել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով` մենք անցանք ուկրաինացման նման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։ Օսկանյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմից, ինչպես և Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին:
Նախկին նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո և առաջնորդվել ազգային շահերով։ Միջազգային քաղաքականության մեջ դրանք կարելի է շտկել, բայց չի կարելի անտեսել։ Օսկանյանը կարծում է, որ շահերի բախումը պետք է լուծել դիվանագիտությամբ։
Նախկին արտգործնախարարի խոսքով՝ հենց ազգային շահերը հաշվի առնելով պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ: