ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
«Մենք հիմնական դատալսումներին չենք անցել, ապացույցներ չենք հետազոտել, առնվազն չեն հարցաքննվել վկաները, որոնք ազդեցության մասով դատարանը գտնում է, որ կարող է ազդեցություն լինել։ Նման պայմաններում դատարանը գտնում է, որ խափանման միջոց կալանքի գործողության ժամկետում տեղի չեն ունեցել այնպիսի փոփոխություն, որը դատարանին հիմք կտա խափանման միջոցը փոխել»,–ասաց նա։
Նշենք, որ Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ ընդդիմադիր գրեթե բոլոր պատգամավորները` 30 պատգամավոր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Արմեն Աշոտյանը դատարանում իր խոսքում շնորհակալություն էր հայտնել ԱԺ պատգամավորներին և իր համակիրներին երաշխավորության համար և նշել, որ իր կողմից «վատ պահելը» կնշանակի, որ «ընդդիմության գլխին քրեական գործ է կախվում»։
«Ես ինձ պատեպատ կտամ, բայց լավ կպահեմ, որ հանկարծ այսօրվա գործող իշխանությունների դեմ պայքար ծավալած երկու խմբակցությունների անդամների գլխին դամոկլյան սուր չկախվի»,–հավելել էր Աշոտյանը։
Մեղադրող դատախազն էլ իր խոսքում նշել էր, որ երեք ամիսների ընթացքում չեն ներկայացվել այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարող էին վկայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխման կամ վերացման համար։
«Գտնում եմ, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ նախորդ ներկայացված միջնորդությունից չի տարբերվում, բացառությամբ պատգամավորների քանակի»,–ասել էր դատախազը հավելելով, որ պետք է կալանքի ժամկետը երկարաձգվի։
Հիշեցնենք, որ 3 ամիս առաջ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն էին ներկայացրել 9 պատգամավորներ։
Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թ. հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: