Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող Ախթամիր հնագիտական հուշարձանը կրկին գանձագողերի թիրախ է դարձել։ Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 19-րդ դարով թվագրվող հուշարձանը մոտ 62 հա տարածք է ընդգրկում, ներառում է Ախթամիր կիկլոպյան ամրոցն ու հսկայական դամբանադաշտը։ Հենց դամբարաններն են ամենից հաճախ գանձախույզների զոհը դառնում։ Կարծելով, թե կարող են ոսկի կամ արժեքավոր արտեֆակտ գտնել՝ գանձագողերն անխնա ավերում, քարուքանդ են անում դամբարաններն ու պատմական ամբողջ միջավայրը։
Ախթամիր հնագիտական հուշարձանի տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Արթուր Թովմասյանն ասում է, որ այս հուշարձանի տարածքում գանձախուզության ամենաշատ դեպքերը 2021-ին են գրանցվել՝ 30 փորված փոսեր ու վնասված դամբարաններ են հայտնաբերվել, նյութեր են կազմվել, քրեական գործ է հարուցվել։
«Հնագետներն օրեր շարունակ զգուշությամբ, հատուկ գործիքների օգնությամբ են դամբարանը բացում, իսկ իրենք՝ ծանր տեխնիկայով։ Ու իրենց փնտրած ու չգտած նյութի համար իրենք պատմական նյութերն են վնասում»,- ասում է նա։
Գանձախուզության հերթական դեպքը ծառայությունն արձանագրել է մարտի 29-ին․ վանդալները վնասելով բացել էին դամբարաններից մեկը։ Իրենց փնտրած ոսկին չէին գտել, բայց քանդման աշխատանքների արդյունքում մոտավորապես 40–ից 170 սմ–ի հասնող մի քանի ֆալոս էր դուրս եկել։ Սա պատճառ դարձավ տարածքում հրատապ պեղումներ նախաձեռնելու։
Ախթամիրում հայտնաբերված ֆալոսներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
Արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանն ասում է՝ գտնվածը բացառիկ է։
Արշավախմբի ղեկավար, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Որևէ տեղ չեմ տեսել, որ դամբարանի վրա մեկից ավելի ֆալոս կանգնած լինի, այստեղ դամբարանի միջից՝ խցից են գտել 8 և ավելի ֆալոսներ, դրանք օգտագործել են նպատակային, որ ծածկը լինի ֆալոսներից»,- ասում է Փիլիպոսյանը։
Ախթամիրում հայտնաբերված ֆալոսներից
© Sputnik / Aram Nersesyan
Մասնագետների կարծիքով՝ գործ ունեն ուրարտական վերաթաղման հետ, քանի որ դամբարանից նաև ուրարտական ժամանակների խեցեղեն է հայտնաբերվել։ Կարծում են՝ ուրարտացիներն են դամբարանադաշտից հավաքել ֆալոսներն ու օգտագործել որպես շինանյութ։ Թեպետ դամբարանադաշտը նախաուրարտական ժամանակների է, բայց հնագիտական գտածոները վկայում են՝ ուրարտացիներն էլ են այստեղ ապրել։ Վերաթաղումներն էլ ուրարտացիներին են հատուկ։
Ախթամիր հնագիտական հուշարձանի տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
«Տևական ժամանակ մարդիկ այստեղ ապրել են։ Հասարակության խիտ բնակեցման մասին է խոսում այս դամբարանադաշտը, ընդ որում՝ տարաժամանակյա։ Տարածքը միշտ հետաքրքրել է Վանի թագավորության տիրակալներին, որովհետև սա Արարատյան դաշտին կից նախալեռնային շրջան է, կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,- ասում է Փիլիպոսյանը։
Դամբարանները սահմանազատված են գետի քարերով։ Աշոտ Փիլիպոսյանն ասում է՝ թաղման ծեսի կարևոր մաս էր սրբազան տարածքը գետի քարերով առանձնացնելը։
Ախթամիր հնագիտական հուշարձանի տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
Վերադառնալով մեկ դամբարանից գտնված 8 և ավելի ֆալոսների թեմային՝ հնագետը նշեց՝ անգամ պեղումները հարցի պատասխանը չեն տա։ Դամբարանին հսկայական ու անդառնալի վնաս է հասցվել, անգամ կմախքներ ու ոսկորներ չկան, որ հնարավոր լիներ պարզել՝ ով է դամբարանում թաղված եղել։ Կարելի է միայն ենթադրել՝ հզոր մեկն է եղել, գուցեև տոհմի առաջնորդ։
Ախթամիր հնագիտական հուշարձանի տարածքում հրատապ պեղումներ են իրականացվում
© Sputnik / Aram Nersesyan
Ախթամիրի դամբարանադաշտի տարածքում այս պահին գանձագողերի կողմից բացված, վնասված, աղբով լցված 10-ից ավելի դամբարաններ կան։ Բոլորը փնտրում են ոսկի, հնագետներն էլ վստահ են՝ տարածքում ոսկի չկա։ Այն, ինչ կա, արժեքավոր է, բայց հնագիտության, պատմության համար, և գանձախույզները մեր պատմությանն են անդառնալի վնաս հասցնում։ Ի դեպ, Ախթամիրի դամբարանադաշտ հասնելու համար ստիպված եղանք աղբավայր հիշեցնող ճանապարհով անցնել, դամբարանադաշտն ինքն էլ հեռվից աղբավայրի տպավորություն է թողնում։ Հնագետն ասում է՝ պատկերը սարսափելի տխրեցնող է, բայց որոշ դեպքերում հենց աղբն է դամբարանները փրկել գանձագողերից։ Շինարարական աղբի տակ մնացած դամբարաններն աննկատ են դարձել ու փրկվել։
Ախթամիր հնագիտական հուշարձանի տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպե՞ս վանդալիզմից փրկել ոչ միայն Ախթամիրը, այլև մյուս հուշարձանները։ Մասնագետներն ասում են՝ իրականում յուրաքանչյուր քաղաքացու ներսում պիտի փոփոխությունը լինի, ձևավորվի պատասխանատվություն, հոգատարություն սեփական հայրենիքի, պատմության հանդեպ։ Այս պահին Հայաստանի ավելի քան 25 հազար հուշարձաններից մոտ 20 հազարի պահպանությունը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 11 մարզային ծառայություններն են իրականացնում։ Մարդկային ռեսուրսները սահմանափակ են։ Միայն Արագածոտնի մարզում ավելի քան 2000 գրանցված հուշարձան կա և ընդամենը 11 պահապան։