Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորություն են ներկայացնում Արմեն Աշոտյանի համար

Արմեն Աշոտյան
Պատգամավորները համոզված են, որ խափանման միջոցը փոխելու դեպքում Արմեն Աշոտյանը չի խոչընդոտի դատաքննությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի — Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորները դատարանում երաշխավորություն են ներկայացնում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար։
Նշենք, որ Աշոտյանի գործով դատական նիստը` դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ընթանում է Հակակոռուպցիոն դատարանում։
Առաջինը անձնական երաշխավորություն ներկայացրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես կարծում եմ, որ խափանման միջոցը փոխելու դեպքում Արմեն Աշոտյանը չի խոչընդոտելու, նաև ապացույցների իրականացման փուլում չի միջամտելու և կատարելու է իր պարտականությունները, որովհետև անձամբ ճանաչում եմ Արմեն Աշոտյանին, նրա հատկանիշներին, որոնք ցույց են տալիս նրա ազնվությունը, նվիրումը հայրենիքին»,–ասաց Օհանյանը։

Նա նաև ընդգծեց, որ իր կարծիքով` այս քրեական գործում կա քաղաքական հենք, և հավելեց, որ իրենց այդ մտահոգությունները փարատողը դատարանն է։
Այնուհետև երաշխավորություն ներկայացրին Էլինար Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը։
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թ. հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։
Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: