ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ սահմանազատման և սահմանագծման թեմայով փակ քննարկումը բավականին թեժ է անցել, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբարականի տեղեկություններով՝ քննարկմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել Արարատ Միրզոյանը, որը ջանասիրաբար պաշտպանել է Փաշինյանի առաջ քաշած հակահայկական թեզերը: Փոխարենը՝ Մհեր Գրիգորյանն է կառուցողական վարքագիծ դրսևորել, ավելին՝ ընդդիմադիրներին ասել է, որ եթե էլի նման քննարկում նախաձեռնեն, կրկին պատրաստ է մասնակցելու: Թե՛ Միրզոյանի, թե՛ Մհեր Գրիգորյանի պատասխաններից պարզ է դարձել, որ իրականում, անգամ իշխանությունները չգիտեն՝ ի վերջո ինչ է սպասվում, երբ են մեկնարկելու սահմանագծման աշխատանքները, որ թվականի քարտեզներն են որպես իրավական հիմք ընդունվելու:
«Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, և որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաև նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել»,-գրում է թերթը:
Որպես հիմնական զեկուցող հանդես է եկել «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը, որպես հարակից զեկուցողներ՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԺ այն պատգամավորները, որոնք գաղտնիության թույլտվություն չունեն, չեն մասնակցել քննարկմանը։