ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. «Միասին» շարժումը դիմելու է դատախազություն՝ ՀՀ վարչապետի և նրա թիմի կողմից իշխանության մեջ գտնվելու ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։
Սարգսյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսեն վաղվանից։
Նա նաև ընդգծեց, ո շարժումը շարունակելու է իր գործողությունները և չի պատրաստվում հրաժարվել պայքարի մեթոդներից։
«Միասին» շարժման անդամ, «Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ դիմեց բոլոր պատգամավորներին՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, ու կոչ արեց ընդունել այն փաստը, որ իրենց բոլորին մոլորեցրել են ու կառավարության կատարողականի հաշվետվությանը պետք է դեմ քվեարկեն։
«Կոչ ենք անում բոլոր պատգամավորներին չդառնալ մեր օրենքների, Սահմանադրության տապալման պատասխանատու, ինչպես նաև լինել օրինապահ ու հայրենատեր։ Խորհրդարանին առաջարկում ենք նախագիծ, որը պետք է ընդունվի»,- նշեց Դիլբարյանը։
Նախագծի համաձայն` ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է անվստահություն հայտնեն կառավարության կատարողականին։ Նրա խոսքով՝ փաստաթղթում ներկայացված են նաև փաստարկներ, թե ինչու են կառավարության և նրա ղեկավարի գործողությունները հակասում օրենքին, իսկ նրանց վարած քաղաքականությունը ձախողվել է։