ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՄԱԿ ուղարկված Հայաստանի Հանրապետության քարտեզների առնչությամբ քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե երբ և ինչպես են քարտեզներում փոփոխություններ կատարվել։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե Հայաստանից տարբեր տարիներին ՄԱԿ ուղարկված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը ներառված չի եղել, իսկ Տիգրանաշենն էլ ներառված է եղել որպես ադրբեջանական անկլավ։
«Մենք տեսնում ենք, որ փոփոխություններում որոշակի դինամիկա կա, որոշ հարցեր են առաջացնում, և այդ հարցերին պետք է պատասխաններ տրվեն։ Այս պահին փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել։ Վերջին քարտեզը, որ փոխվել է, 2013 թվականին է տեղի ունեցել փոփոխությունը, հիմա փորձում ենք քննություն իրականացնել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ում քարտեզների ուղարկման հետ կապված որևէ տվյալ չի պահպանվել։