Էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս էին. ՀՀ ԱԳՆ–ն` Մարաղայի հայերի ջարդերի մասին

Մարաղայում ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերեվարվել, բնակչության մնացած մասը՝ շուրջ 5000 մարդ, բռնի տեղահանվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,10 ապրիլի – Sputnik. 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս: Այս մասին ասված է X–ի` ՀՀ արտաքին գործերի նախարարության միկրոբլոգում։
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերեվարվել, բնակչության մնացած մասը՝ շուրջ 5000 մարդ, բռնի տեղահանվել են։
ԱԳՆ–ից նշում են, որ սա փաստագրված է այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch–ը և Amnesty International–ը։
Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության դրսևորում էր. ՀՀ ԱԳՆ
Հիշեցնենք, որ Մարաղայի խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց, տեղի է ունեցել 1992թ․–ի ապրիլի 10-ին։