ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ձեռք չի տալիս բաց նիստը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ իրենց համար պարզ էր, որ ՔՊ-ն նիստը փակ ռեժիմով է ցանկանալու շարունակել։
Նշենք, որ այս պահին ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ է ընթանում։ Ե՛վ ընդդիմադիր, և՛ իշխանական որոշ պատգամավորներ չեն մասնակցում նիստին, քանի որ նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։ Նրանց թվում է նաև Ռուստամյանը։
«Փակ անելու մասով արդեն հասկացել էինք, բայց որ մի մասին դուրս էին հրավիրելու, նոր են որոշել։ Փակ նիստը չի նշանակում գաղտնի նիստ, դե մի քանիսիս էլ, ովքեր գաղտնիության հասանելիություն չունեին, արգելեցին մասնակցել։ Իրենք որևէ բացատրություն չունեն, թե ինչու են փակ անում։ ՔՊ-ին ձեռք չի տալիս բաց նիստը, իրենց պետք չէ բաց նիստ անել, ոչ մի գաղտնիություն էլ չի լինելու, մեր անվտանգություն վտանգող հարց էլ չեն քննարկելու։ Մենք հասարակության հետաքրքրող նիստ ենք հրավիրել, բայց հիմա նիստը փակ է, հասարակությանը չի բավարարի նման նիստը»,- նշեց Ռուստամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փակ նիստի սկզբում ընդգծեց` բոլորի մոտ բջջային հեռախոսներ կան, որոնք հակառակորդը կարող է գաղտնալսել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ընդունեց առաջարկը և հորդորեց հավաքել բոլորի հեռախոսները։
Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հեռախոսների թեմային` նշեց` հեռախոսները հանձնելու մասին հայտարարվեց, բայց ո՞վ է հետևում՝ բոլորն են հանձնել, թե ոչ։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում են սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստին, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։